Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ԳԴՀ արտաքին գործերի նախարարությունների միջև
17 հուլիսի, 2023Հուլիսի 17-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, գերմանական կողմից՝ ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգը։
Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են ընթացիկ տարում Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների աննախադեպ ակտիվացումը՝ հաշվի առնելով երկկողմ բարձրաստիճան այցերը և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը:
Քննարկվել է հարաբերությունների հետևողական զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Հատուկ կարևորվել է քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, միջխորհրդարանական և ապակենտրոնացված ոլորտներում փոխգործակցությունը:
Նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերին, ընդգծել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման և ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը:
Մաթիաս Լյութենբերգին ներկայացվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը։