ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներին
09 օգոստոսի, 2023Օգոստոսի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի տնօրեն Դեմյան Մերֆիին ու քաղաքականության տնօրեն Սառա Արքինին, որոնք ՀՀ-ում են գտնվում հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենեդեսի հանձնարարությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր սրվող հումանիտար ճգնաժամը: Ընդգծվել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը` Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների համաձայն:
Պարույր Հովհաննիսյանը շեշտել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգություն, կայունություն ու խաղաղություն հաստատելու նպատակով հայկական կողմի կատարած քայլերին:
Կողմերը քննարկել են նաև ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական ընդլայնմանը, խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: