Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
11 օգոստոսի, 2023Օգոստոսի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ:
ՀՀ ԱԳ նախարարն իր կիպրացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները և տեղում բնակչության համար ստեղծված ծանրագույն պայմանները: Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը, խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշումը, ոչ միայն քայլեր չի ձեռնարկում Լաչինի միջանցքի արգելափակման վերացման ուղղությամբ, այլև ապրիլին տեղադրած ապօրինի անցակետի միջոցով խաթարում է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից առողջական խնդիրներ ունեցող անձանց տեղափոխումը:
Արարատ Միրզոյանը, բարձր գնահատելով մինչ օրս միջազգային գործընկերների, այդ թվում նաև՝ Կիպրոսի կողմից արված հասցեական ուղերձները, կարևորել է տարբեր հարթակներում ջանքերի համադրման և Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հրատապությունը: Կիպրոսի ԱԳ նախարարը վերահաստատել է այս հարցում իր երկրի մոտեցումը։ Երկուստեք ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների իրականացման անհրաժեշտությունը։