Հայաստանի և Իռլանդիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
11 օգոստոսի, 2023Օգոստոսի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իռլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարար Միհել Մարտինի հետ։
Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ այն մոտ է իրական հումանիտար աղետի վերածվելուն:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, որի պայմաններում ԼՂ 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների հիմնարար իրավունքները կոպտորեն խախտվում են, մատնանշվել է մասնավորապես սննդամթերքի, դեղորայքի սուր պակասը։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանն իր այսօրինակ գործողություններով շարունակ ի ցույց է դնում իր իրական նպատակը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման իրականացումը:
Արարատ Միրզոյանը, վկայակոչելով մինչ օրս միջազգային հարթակներում գործընկերների, այդ թվում՝ Իռլանդիայի կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումները, կարևորել է ի կատարումն Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների՝ Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման և Ադրբեջանի մտադրությունների կանխման ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկումը։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեությանը: