ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հեռախոսազրույցը Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
11 օգոստոսի, 2023Օգոստոսի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳՆ պետքարտուղար Անդրիս Պելշսի հետ:
Նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա կործանարար հետևանքները ԼՂ 120 հազար բնակչության համար: Նախարարի տեղակալի կողմից ընդգծվել է հատկապես խոցելի խմբերի՝ հղի կանանց, տարեցների, առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիների կյանքի ու ապրելու իրավունքը ոտնահարող ծանրագույն իրավիճակը:
Վահան Կոստանյանը նշել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է խախտել Արդարադատության միջազգային դատարանի Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները, ինչն ի ցույց է դնում ԼՂ բնակչության էթնիկ զտում իրականացնելու Ադրբեջանի իրական նկրտումները: Ընդգծվել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի իրականացմամբ հումանիտար ճգնաժամը անհապաղ կանխելու կենսական հրամայականը:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Լատվիա երկկողմ հարաբերությունների ընդլայմանն ուղղված առավել գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությանը: