Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՄԱԿ ԱԽ՝ արտահերթ նիստ գումարելու պահանջով
12 օգոստոսի, 2023Օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղված նամակում, մասնավորապես, նշել է.
«Ի լրումն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի նախագահին ուղղված 2023 թվականի հուլիսի 12-ի նամակի՝ Ձեզ եմ դիմում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված ամբողջական շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ:
2023 թվականի հունիսի 15-ից սրվել է, մասնավորապես, առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի ծայրահեղ պակասը, երբ Ադրբեջանը ամբողջությամբ փակեց Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ մերժելով որևէ տեսակի մուտք Լեռնային Ղարաբաղ, նույնիսկ մարդասիրական: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման կանխամտածված շարունակական խափանումները ծայրահեղ վնաս են պատճառել տուժած բնակչությանը և նրանց կենսագործունեությանը:
Մարդասիրական բոլոր մատակարարումների դադարեցումը՝ զուգորդված ներքին սահմանափակ պաշարների աստիճանական օգտագործմամբ, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից գյուղատնտեսական տարածքների թիրախավորված գնդակոծությամբ, հանգեցրել են սննդի սուր պակասի և խանութների փակման։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքի և վիտամինների բացակայության պատճառով մոտ 2000 հղի կին, 30000 երեխա, 20000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձ պայքարում է թերսնվածության պայմաններում:
Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, այդ թվում՝ 4687 շաքարային դիաբետով և 8450 արյան շրջանառության հիվանդություններով, տառապում են կենսական նշանակության դեղամիջոցների սուր պակասից։ Այս իրավիճակն արդեն իսկ հանգեցրել է մահացության արձանագրված աճի, այդ թվում՝ սրտանոթային հիվանդություններից և չարորակ նորագոյացություններից։ Հունվար-հուլիս ընկած ժամանակահատվածում, ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, բժշկական հսկողության տակ գտնվող հղիների շրջանում սակավարյունության մակարդակը հասել է շուրջ 90%-ի, ինչը մեծապես պայմանավորված է թերսնմամբ և համապատասխան դեղամիջոցների բացակայությամբ կամ անբավարարությամբ: Ավելին, շոգ եղանակային պայմանները և ախտահանող միջոցների և դեղամիջոցների բացակայությունը տարածաշրջանում համաճարակների վտանգ են ստեղծում։
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին։
Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում, և ուղղակիորեն խախտում են ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները, որոնց համաձայն Ադրբեջանը պետք է «ձեռնարկի բոլոր միջոցները Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով ապահովելու համար»։
Բնակչության համար կյանքի հետ անհամատեղելի պայմանների կանխամտածված ստեղծումը ոչ այլ ինչ է, քան զանգվածային ոճրագործություն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի դեմ, և ստիպելու նրանց լքել իրենց տներն ու հայրենիքը: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ նման կոլեկտիվ պատժի կիրառումը գոյաբանական վտանգ է ներկայացնում վերջիններիս համար, եթե նրանք միայնակ մնան ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության դեմ։
Ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու առաջնային մարմնի միջամտությունը՝ կանխելու զանգվածային ոճրագործությունները, ներառյալ` պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը:
Հղում կատարելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի նամակին (S/2022/688) և 2022 թվականի դեկտեմբերի 20-ին գումարված Անվտանգության խորհրդի նիստին հաջորդիվ՝ հայցում ենք ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի գումարում՝ համաձայն ՄԱԿ կանոնադրության 35-րդ հոդվածի 1-ին մասի:
Խնդրում եմ նաև, որ Հայաստանի պատվիրակությանը հնարավորություն տրվի մասնակցելու Խորհրդի նիստին՝ ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան դրույթներին և Անվտանգության խորհրդի ընթացակարգային կանոնակարգի 37-րդ կանոնին համապատասխան։
Ես երախտապարտ կլինեմ, եթե սույն նամակը և դրա հավելվածը ներկայացվեն Անվտանգության խորհրդի անդամների ուշադրությանը և շրջանառվեն որպես Խորհրդի փաստաթուղթ:
Խնդրում եմ, Ձերդ գերազանցություն, ընդունել հարգանքիս հավաստիքը»: