Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
14 օգոստոսի, 2023Օգոստոսի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։
Ի շարունակություն նախորդ, այդ թվում՝ հուլիսին Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում ունեցած քննարկումների՝ նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը, ԼՂ 120 հազար բնակչության, այդ թվում՝ խոցելի խմբերի հիմնարար իրավունքների խախտումներն ու նրանց համար ստեղծված ծայրահեղ ծանր պայմանները:
Արարատ Միրզոյանն ընդգծել է տարբեր հարթակներում լրացուցիչ քայլերի իրականացման հրատապությունը՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրական մտադրության՝ էթնիկ զտման կանխման նպատակով։ Նախարար Միրզոյանը տեղեկացրել է, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ՝ արտահերթ նիստ գումարելու պահանջով:
ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի կառուցողական մոտեցումը տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ՝ այդուհանդերձ ընդգծելով, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական սրումով հարվածի տակ է դնում քաղաքական գործընթացը և Հայաստանի ու միջազգային հանրության ջանքերը: