ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
18 օգոստոսի, 2023Օգոստոսի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է մասնավորապես Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ միջազգային համակարգի պատասխանատու դերակատարները չպետք է թույլ տան դրա վերածումն իրական մարդասիրական աղետի։ Նախարարը հատկապես շեշտել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ որպես խաղաղության և անվտանգության պահպանման հարցում մանդատ ունեցող կառույցի առանձնահատուկ դերակատարումն ու կանխարգելման գործառույթը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի՝ 120.000 բնակչության խոցելի խմբերի համար ստեղծված ծանր պայմաններին՝ նախարար Միրզոյանը շեշտել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների իրականացման և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրատապությունը։
Տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից՝ այդ ուղղությամբ գործադրվող միջազգային ջանքերը և խաղաղության հասնելու հնարավորությունը չեզոքացնելուն ուղղված գործողություններից և սադրանքներից զերծ մնալու անհրաժեշտությունը։