ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵՄ դեսպանին
20 օգոստոսի, 2023Օգոստոսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: Նախարար Միրզոյանը մասնավորապես ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող մարդասիրական ճգնաժամի վերացման ուղղությամբ քայլեր իրականացնելու հրատապությունը: Ընդգծվել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում կայացած քննարկումը ևս ցույց տվեց ԼՂ ժողովրդի համար հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքների գիտակցումը և Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան վերաբացման կարևորությունը:
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ԼՂ-ոմ հումանիտար իրավիճակի սրումը կարող է լուրջ հարվածի տակ դնել տարածաշրջանում կայունության հաստատման հարցում Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեությանն առնչվող հարցերի:
Իր խոսքում Արարատ Միրզոյանը նշել է, որ բարձր է գնահատում դեսպանի ներդրումը ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման գործում՝ ընդգծելով նրա պաշտոնավարման ընթացքում արձանագրված կարևոր ձեռքբերումները և հանձնել ՀՀ ԱԳՆ պատվո մեդալ: