Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպել է հայ – ռուսաստանյան մեդիա ֆորումի մասնակիցների հետ
07 սեպտեմբերի, 2023Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ՀՀ ԱԳ նախարարությունում հանդիպում է ունեցել Երևանում անցկացվող հայ–ռուսաստանյան մեդիա ֆորումի մասնակիցների հետ:
Իր խոսքում նախարարի տեղակալն անդրադարձել է հայ–ռուսաստանյան հարաբերությունների օրակարգին, առկա միտումներին, ինչպես նաև առանձնանշել արտաքին քաղաքական բնագավառում համագործակցության համապատասխան տեղեկատվական ուղեկցման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նաև ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ագրեսիայի և ուժի կիրառման քաղաքականության դրսևորումները, որոնք կարող են խաթարել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը միտված հայկական կողմի և միջազգային գործընկերների ջանքերը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած ահագնացող հումանիտար ճգնաժամի անհապաղ վերացման հրամայականը: