ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումները Մեքսիկա այցի շրջանակներում
12 սեպտեմբերի, 2023Սեպտեմբերի 12-ին Մեխիկո այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Մեքսիկայի Մշակույթի փոխքարտուղար Մարինա Բեսպալովայի հետ։ Հանդիպման սկզբում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մեքսիկական Միացյալ Նահանգների մշակույթի նախարարության միջև 2023-2026 թվականների մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագրի ստորագրումը։ Ստորագրման արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-մեքսիկական մշակութային կապերի և փոխանակումների զարգացման առնչությամբ։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Մեքսիկայի Պատգամավորների պալատի փոխնախագահ Բլանկա Ալկալա Ռուիսի և Մեքսիկայի օրենսդիր մարմնի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման, մասնավորապես երկկողմ և բազմակողմ հարթակներում միջխորհրդարանական կապերի սերտացմանն առնչվող հարցեր։
Մեխիկո այցի ընթացքում Պարույր Հովհաննիսյանը հարցազրույց է տվել տեղական հեղինակավոր «Reforma» օրաթերթին, «Quadratín» լրատվականին ինչպես նաև առանձին հոդված է տպագրվել «El Universal» հայտնի պարբերականում։
Առանձին հանդիպում է կայացել մեքսիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ։