Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը
19 սեպտեմբերի, 2023Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան հարվածի տակ է դնում կայունությունը ողջ Հարավային Կովկասում։ Ներկայացնելով Ադրբեջանի գործողությունների մանրամասները՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ բոլոր միջազգային գործընկերները, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունությամբ, պետք է հստակորեն դատապարտեն ագրեսիան, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ցանկացած փորձ և Ադրբեջանին վերադարձնեն կառուցողական դաշտ։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները հերթական անգամ ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումը կանխելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության համատեքստում ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխիքների ապահովման համար մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունը։
Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Երկուստեք վերահաստատվել է քննարկումները տարբեր հարթակներում և ձևաչափերով շարունակելու պայմանավորվածությունը: