Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարների հանդիպումը
19 սեպտեմբերի, 2023Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանիի հետ:
ՀՀ ԱԳ նախարարն իր իտալացի գործընկերոջն է ներկայացրել սեպտեմբերի 19-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է իր կողմից որդեգրած ագրեսիվ և էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը: Արարատ Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորվում են նաև քաղաքացիական բնակչությունը և ենթակառուցվածքները, որի հետևանքով առկա են զոհեր և վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում, այդ թվում՝ կանայք և երեխաներ:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության, մասնավորապես Եվրոպական Միության և իր անդամ պետությունների համարժեք արձագանքի ու հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործությունները կանխելու նպատակով:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Իտալիայի միջև երկկողմ օրակարգին: