Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումը
19 սեպտեմբերի, 2023Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կրիշյանիս Կարինշի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության հարցեր: Նախարար Միրզոյանը ներկայացրել է նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած լայնամաշտաբ ագրեսիայի մանրամասները: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի այս և նախորդ գործողություններն բացահայտ նպատակ են հետապնդում ԼՂ-ն ենթարկել էթնիկ զտումների։
Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների կողմից հստակ և աներկբա քայլեր իրականացնելու հրատապությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից զանգվածային ոճրագործությունները:
Անդրադառնալով Հայաստանի և Լատվիայի միջև երկկողմ օրակարգի հարցերին՝ կողմերը վստահություն են հայտնել քաղաքական օրակարգի զարգացման և ԵՄ շրջանակներում փոխգործակցության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ։