ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ ԳՔ հատուկ խորհրդականի հետ
22 սեպտեմբերի, 2023Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ:
Ներկայացնելով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ Վահե Գևորգյանը նշել է, որ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ ուղեկցվող ադրբեջանական հարձակումը, ինչպես նաև նախորդ 10 ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը հստակորեն վկայում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումներն ավարտին հասցնելու հստակ մտադրությունը:
Այս համատեքստում կարևորվել է ցեղասպանության կանխարգելման ՄԱԿ-ի համապատասխան մեխանիզմների արդյունավետ աշխատանքը` ուղղված ԼՂ-ում զանգվածային ոճրագործությունների կանխմանը: