Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև
03 հոկտեմբերի, 2023Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Հայաստան ժամանած Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը՝ ԱԳ նախարարի փոխօգնական, Եվրոպական հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ Մասակի Իկեգամիի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը զրուցակիցներին մանրամասն ներկայացրել է սեպտեմբերի 19-ից 20-ը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման և ԼՂ-ի էթնիկ զտման քաղաքականությունը, ինչպես նաև դրանց հետևանքով ԼՂ ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման ու ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը:
Մասակի Իկեգամին նշել է, որ ճապոնական կողմը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս նպաստել ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի հաղթահարմանը:
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է երկկողմ բարձրաստիճան այցերի ակտիվացման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել նաև առևտրատնտեսական, գիտակրթական և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման և խորացման վերաբերյալ: