ԱԳ նախարարն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
18 հոկտեմբերի, 2023Հոկտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թըրներին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ նախարար Միրզոյանը վստահություն է հայտնել, որ որպես Հայաստանում Կանադայի առաջին ռեզիտենտ դեսպան, նա իր գործունեությամբ նշանակալի լիցք կհաղորդի արդեն իսկ լավ հիմքերի վրա կառուցվող հայ-կանադական բարեկամական հարաբերություններին, դրանց առավել ամրապնդմանն ու խորացմանը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է Երևանում Կանադայի դեսպանություն հիմնելու որոշումը, ինչը վկայում է հայ-կանադական դինամիկ զարգացող օրակարգը տարբեր ուղղություններով ընդլայնելու երկկողմ պատրաստակամության մասին:
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ դեսպանն իր առաքելությունը ստանձնել է Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում: Ընդգծվել է Հայաստանում ժողովրդավարությանը, ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ամուր աջակցության կարևորությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված գործընթացի և առկա հիմնական հարցերի վերաբերյալ:
Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն իր իսկ անունով բնութագրելու, Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավել հայերի առաջնային կարիքները պատշաճ ապահովելու, ինչպես նաև նրանց իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են նաև փոխադարձ բարձրաստիճան այցելությունները: