Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների հանդիպումը
25 հոկտեմբերի, 2023Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ:
ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Մելանի Ժոլին հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Նույն օրը Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների ներկայությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանության բացման պաշտոնական արարողությունը:
Վերջինիս ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Սա իսկապես պատմական իրադարձություն է և իսկապես պատմական օր: Ինձ համար պատիվ է և ես ուրախ եմ ներկա գտնվել այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացմանը։ Սա իսկապես, ինչպես դուք ասացիք, մի իրադարձություն է, որի մասին մենք խոսել ենք տարիներ, և հիմա այն իրականություն է։ Շնորհակալություն Կանադայի վարչապետին իր ջանքերի համար, ինչպես նաև Ձեր անձնական ներդրումն այս գործում նույնպես շատ շոշափելի էր։
Եվ սա մեր երկու երկրների հարաբերությունների և համագործակցության հետագա խորացման ևս մեկ վկայություն է: Եվ մենք անհամբեր սպասում ենք դրան: Այսպիսով, շատ շնորհակալ եմ: Շնորհավորում եմ»։
Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: