Լոնդոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարարի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարի հանդիպումը
13 նոյեմբերի, 2023Նոյեմբերի 13-ին Լոնդոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպումը, որով տրվել է ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը։
Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։
Զրուցակիցների կողմից երկուստեք ընդգծվել է, որ ՀՀ և ՄԹ միջև վերջին շրջանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը, ռազմավարական երկխոսության մեկնարկը վկայում են ՀՀ-ՄԹ գործընկերությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու կողմերի պատրաստակամության, այդ ուղղությամբ ներդրվող ջանքերի մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը։ Անդրադարձել է կատարվել մի շարք` քաղաքական, առևտրատնտեսական, անվտանգային, նորարարության, մարդկանց միջև շփումների ոլորտներում և այլ ոլորտներում առկա համագործակցությանն ու դրա ընդլայնման հեռանկարներին։
Կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Վերջինիս համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է հոկտեմբերին Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ արտացոլված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացում առաջ շարժվելու՝ Ադրբեջանի կողմից հանրային հանձնառության արտահայտման, ինչպես նաև այդ հարցում միջազգային գործընկերների գործուն ներգրավվածության կարևորությունը։
Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով Հայաստանի և ընդհանուր տարածաշրջանի կայունության և զարգացման համար դրա իրականացման արդյունքում ակնկալվող առավելությունները։
Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով ավելի քան 100 հազար հայ բնակչության բռնի տեղահանման ու ԼՂ ժողովրդի առաջնային կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարը և ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը հակիրճ ամփոփել են կայացած քննարկումը։
Լեո Դոքերթի: «Իմ անկեղծ երախատագիտությունն են հայտնում Ձեզ, Ձերդ գերազանցություն. իրապես դրական քննարկումներ ունեցանք ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկային հանդիպման ընթացքում: Իմ կարծիքով ակնհայտ է, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման հարցում առկա է դրական էներգիայի և հնարավորությունների մեծ պաշար: Մենք հպարտ ենք առկա համագործակցության համար՝ լինի դա թե՛ պաշտպանության և անվտանգության ոլորտում, թե՛ առևտրի։ Եվ մենք գնահատում ենք ձեր կառավարության պատասխանատու և դրական կեցվածքը. դա վերաբերում է խաղաղության հաստատմանը, ցանկությանը զարգացնելու առևտրային կապեր ոչ միայն ՄԹ հետ, այլ նաև կովկասյան տարածաշրջանում: Այսպիսով, որպես պատասխանատու տարածաշրջանային դերակատար, մենք իսկապես արժևորում ենք Հայաստանի հետ ունեցած մեր հարաբերությունները: Շնորհակալություն տրամադրված ժամանակի համար: Կարծում եմ, որ սա ռազմավարական երկխոսության լավ մեկնարկ էր, և հույս ունեմ, որ այն կլինի շարունակական:»
Արարատ Միրզոյան - «Շնորհակալություն, պարոն նախարար: Նախևառաջ, ուզում եմ մեր երախտագիտությունը հայտնել հրավերի և շատ կառուցողական ու արդյունավետ զրույցի, քննարկումների համար: Ըստ էության, որպես ամփոփում մենք ունենք համատեղ հայտարարություն, որն արտացոլում է մեր քննարկած ոլորտներն ու ուղղությունները: Ի լրումն, կցանկանայի ընդգծել, որ սա շատ լավ հնարավորություն է ոչ միայն մեր երկկողմ օրակարգի մասին խոսելու և ևս մեկ անգամ վերահաստատելու երկկողմ հարաբերությունների խորացման և հարստացման վերաբերյալ մեր հանձնառությունը, այլև շնորհակալություն հայտնելու բրիտանական կողմին Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և խաղաղության կառուցման օրակարգին աջակցելու համար:»