Ինդոնեզիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

13 նոյեմբերի, 2023

Նոյեմբերի 13-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ՀՀ-ում Ինդոնեզիայի Հանրապետության դեսպան Արիֆ Մուհամադ Բասալամահին (նստավայրը՝ ք․Կիև)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր պարտականությունների ստանձնման կապակցությամբ և հաջող ու արդյունավետ գործունեություն մաղթել հայ-ինդոնեզական կապերի ամրապնդման գործում։

Նախարարի տեղակալն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին: Նա զրուցակցի ուշադրությունն է հրավիրել  Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին։ Մնացական Սաֆարյանը նաև ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման, առևտրատնտեսական կապերի խթանման, ինչպես նաև գիտակրթական և տեխնոլոգիական ոլորտներում առկա փոխգործակցության ընդլայնման վերաբերյալ։

 

Տպել էջը