ՄԹ վարչապետի արտաքին քաղաքական և ազգային անվտանգության հարցերով խորհրդականնների հետ հանդիպում
15 նոյեմբերի, 2023Նոյեմբերի 14-ին Լոնդոնում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԹ վարչապետի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ջոն Բյուի և ազգային անվտանգության խորհրդական Սառա Մաքինտոշի հետ։
Կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ նախարար Միրզոյանը գոհունակությամբ նշել է, որ այս այցն արտացոլում է վերջին շրջանում հայ-բրիտանական քաղաքական երկխոսության դրական դինամիկան: Ընդգծվել է, որ այցի շրջանակներում ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության պաշտոնական մեկնարկը, ինչպես նաև Լոնդոնի սրտում նոր և առավել ներկայանալի ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը վկայում են երկկողմ հավակնոտ օրակարգն ընդլայնելու և առկա ներուժն առավելագույնս իրացնելու երկկողմ պատրաստակամության մասին:
Մտքեր են փոխանակվել ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության հիմնական ուղղություններով և ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հեռանկարների շուրջ՝ ի շահ թե՛ երկկողմ օրակարգի հարստացման, թե՛ տարածաշրջանում տևական կայունության հաստատման։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի, ինչպես նաև քննարկել տարածաշրջանային ծրագրերի ներառականության ապահովման կարևորությունը՝ որպես խաղաղության հաստատման և կայուն տնտեսական զարգացման երաշխիք։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավել բռնի տեղահանված հայ բնակչության խնդիրներին՝ Արարատ Միրզոյանը կարևորել է վերջիններիս կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ քայլերի իրականացումը, այդ թվում նաև՝ միջազգային գործընկերների ներգրավվածությամբ: