ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԹ արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով ստվերային պետնախարարի հետ
15 նոյեմբերի, 2023Նոյեմբերի 14-ին Լոնդոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով ստվերային պետնախարար Դեյվիդ Լամիին:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՄԹ երկկողմ օրակարգային հարցեր՝ երկուստեք գոհունակություն հայտնելով ռազմավարական երկխոսության մեկնարկի կապակցությամբ։ Մտքեր են փոխանակվել տարբեր բնագավառներում ՀՀ և ՄԹ միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։ Արարատ Միրզոյանն արժևորել է բրիտանական կողմի շարունակական աջակցությունը Հայաստանում արդյունավետ կառավարման և ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին:
Արարատ Միրզոյանի և Դեյվիդ Լամիի ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները:
ՀՀ ԱԳ նախարարը Դեյվիդ Լամիին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը, հայկական կողմի տեսլականը և Գրանադայում ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ հանդիպումից հետո ընդունված հայտարարությանը միջազգային մյուս գործընկերների կողմից աջակցության արտահայտման կարևորությունը։
Տարածաշրջանում կապուղիների ապաշրջափակման համատեքստում, նաև որպես խաղաղության օրակարգի բաղկացուցիչ մաս, Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման, ուժի շարունակական կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակին, ԼՂ-ից 100 հազարից ավել բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրան ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող միջոցառումներին: