Հայաստան-ԵՄ. համատեղ մամուլի հաղորդագրություն երկրորդ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության վերաբերյալ
15 նոյեմբերի, 20232023թ. նոյեմբերի 15
Բրյուսել
Չորեքշաբթի օրը Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստը:
Հիմք ընդունելով հունվարին Երևանում տեղի ունեցած երկխոսության անդրանիկ նիստը, երկրորդ նիստը հաստատել է Հայաստանի և ԵՄ-ի փոխադարձ հետաքրքրությունը՝ ընդլայնելու քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը արտաքին, անվտանգային և պաշտպանական քաղաքականության ոլորտներում: ԵՄ-ն վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը (29.800 քառ. կմ) և սահմանների անձեռնմխելիությանը և ողջունել ԵՄ հետ առավել սերտ համագործակցության Հայաստանի պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել եվրոպական անվտանգային ճարտարապետության ներկայիս մարտահրավերներին: Այս համատեքստում խստորեն ընդգծվել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անընդունելիությունը:
Կողմերն ընդգծել են Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտությունը: Այս համատեքստում ԵՄ-ն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ ամրագրված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով, կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա սահմանազատմանը, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և իրավազորության հարգանքի վրա հիմնված տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը՝ փոխադարձության և հավասարության հիման վրա: Հայաստանը հաստատել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայանալիք առաջնորդների հանդիպմանը մասնակցելու իր պատրաստակամությունը: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ծրագիրը՝ որպես տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղություն և համագործակցություն հաստատելու Հայաստանի կառավարության հանձնառության դրսևորում:
Հայաստանը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական մշտադիտարկան առաքելության (Հայաստանում ԵՄ առաքելություն) արագ տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանի երկայնքով, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների կողմից առաքելությանը ցուցաբերվող աջակցությունը: Հայկական կողմը նաև ողջունել է առաքելության կազմում երրորդ երկրների ներգրավման կապակցությամբ ԵՄ պատրաստակամությունը: Կողմերը քննարկել են առաքելության ընդլայնման հնարավորությունը, ինչպես նաև «Եվրոպական խաղաղության գործիքի» միջոցով Հայաստանին ոչ մահաբեր սպառազինությունների տրամադրման աջակցության հարցը: Վերահաստատվել է աջակցությունը Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերին, ինչպիսիք են Սև ծովի ստորջրյա էլեկտրաէներգիայի և ինտերնետ մալուխների նախագծերը:
Կողմերը նաև անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից զանգվածային կերպով բռնի տեղահանված հայ փախստականների խնդիրներին` վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումներն առ այն, որ պետք է ապահովվեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում` վերադարձի իրավունքը:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ամբողջական կարգավորման գործընթացի առումով կողմերը հույս են հայտնել, որ մինչ այժմ ձեռքբերված համաձայնությունները, մասնավորապես` երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձագիր կրողների համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ, հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կկոչվեն:
Երկխոսության մասնակիցները քննարկել են նաև տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների վիճակը, ավելի լայն աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին և անվտանգության այլ մարտահրավերներին վերաբերող հարցեր։
Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում 2024թ.:
Քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստը համանախագահում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան: