Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ
25 նոյեմբերի, 2023Նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:
Արձանագրությունը ստորագրվել է Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Անկարի կողմից:
Երկու երկրները հաստատել են դիվանագիտական հարաբերություններ՝ առաջնորդվելով երկկողմ հարաբերություններն ամրապնդելու և համագործակցության շրջանակն ընդլայնելու, միջազգային անվտանգության և խաղաղության ապահովմանն աջակցելու ձգտումով։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին փաստաթուղթն արձանագրում է երկու երկրների ցանկությունը՝ «ամրապնդելու արդյունավետ համագործակցության կապերը քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, զարգացման, առևտրի և մշակույթի ոլորտներում՝ տարբեր բնագավառներում ջերմ հարաբերությունների հաստատման երկուստեք ձգտումներն իրականացնելու նպատակով»։