ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Մալթայի ԱԳ նախարարի հետ
30 նոյեմբերի, 2023Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հանդիպումը։
Արարատ Միրզոյանը և Իեն Բորջը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև քաղաքական երկխոսության օրակարգային թեմաներ՝ ի շարունակություն ս.թ. մարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Մալթա կատարած պաշտոնական այցի և դրան հաջորդած՝ նաև բազմակողմ հարթակներում արդյունավետ քննարկումների։
Անդրադառնալով ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերի՝ նախարար Միրզոյանն Իեն Բորջին հաջողություն է մաղթել ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելիս՝ հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգության հարցերում կազմակերպության առջև ծառացած լուրջ մարտահրավերները։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ: Վկայակոչելով ՄԱԿ Անվտանգության խորհրդում սեպտեմբերին կայացած քննարկումները՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ աղետալի էր առերեսվել Լեռնային Ղարաբաղում փաստացի էթնիկ զտմանը, ինչը տեղի ունեցավ ի հեճուկս միջազգային գործընկերների թիրախային կոչերի։
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ՀՀ-ը ջանքերը՝ միտված տարածաշրջանում պահպանվող մարտահրավերների հաղթահարմանը, այդ թվում նաև՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքների՝ նախորդ շաբաթ ՀՀ առաջարկներն Ադրբեջանին փոխանցելու միջոցով։