Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
05 դեկտեմբերի, 2023Դեկտեմբերի 4-ից 9-ը Կասանե քաղաքում (Բոտսվանա) ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 18-րդ նստաշրջանի ընթացքում կոմիտեն որոշում է կայացրել Գյումրիի դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու վերաբերյալ։
Դարբնությունը Հայաստանում տարածված արհեստներից է եղել, սակայն որպես քաղաքային արհեստ՝ իր լիարժեք արտահայտումը ձեռք է բերել Գյումրիում և ծաղկուն շրջան ապրել 19-րդ դարում: Սերնդեսերունդ փոխանցվող այս ազգային ավանդույթի գրանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում առանցքային նշանակություն ունի դրա կենսունակության ապահովման, արժևորման և հանրահռչակման համար։
Տեղեկանք. Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006թ․։ Հաջորդող տարիներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվել են «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014թ.), «Քոչարի. ավանդական խմբապար» (2017թ․), «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» (2018թ.), ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» (2020թ.) տարրերը։