Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումը
11 դեկտեմբերի, 2023Դեկտեմբերի 11-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կրիշյանիս Կարինշի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցերը, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին ամուր աջակցության, քաղաքական ու անվտանգային երկխոսության ամրապնդման համատեքստում:
ՀՀ և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։