Հայաստանում անցկացվել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը
14 դեկտեմբերի, 2023Դեկտեմբերի 14-ին Երևանոմ անցկացվում է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը:
Միջոցառումը մեկնարկել է «Տրանսպորտային փոխկապակցվածության դերը կայուն և դիմակայուն զարգացման խթանման հարցում» խորագրով բացման հատվածով, որին խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆաթիման և Բոտսվանայի ԱԳ նախարար, դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով նախագահող Լեմոգանգ Կվապեն:
Հաջորդիվ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախագահել է նախարարական մակարդակով նիստը՝ հանդես գալով բացման խոսքով, ապա՝ ազգային ելույթով՝ ԱԳ նախարարի կարգավիճակով: Նիստն անցկացվել է տրանսպորտային կապակցվածության ռազմավարական նշանակության թեմայի շուրջ՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հաջորդ գործողությունների ծրագրի համատեքստում: Նախարարական նիստի ընթացքում ելույթով հանդես է եկել 19 ներկայացուցիչ` 13 երկրից և 6 միջազգային կազմակերպությունից:
Միջոցառման առանցքային թեմաներից է եղել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման Հայաստանի օրակարգի հիմնասյուներից մեկը: Իրենց ելույթներում ՀՀ վարչապետը և ԱԳ նախարարն ընդգծել են, որ այն նպատակ ունի իրար կապել Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը և տնտեսական ու մշակութային առնչությունների ամրապնդման և մարդկանց միջև շփումների միջոցով նպաստել քաղաքական երկխոսությանը, հասնել տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղության՝ հօգուտ բոլոր ժողովուրդների: Պանելային քննարկումների ընթացքում մասնակիցները քննարկել են տրանպորտային փոխկապակցվածության դերը դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կայուն զարգացման գործում, տարածաշրջանային ինտեգրման խորացումը ներառական տրանսպորտային փոխկապակցվածության միջոցով, գլոբալ առևտրի և փոխկապակցվածության վերափոխումը թվային տեխնոլոգիաների միջոցով:
Նախարարական հանդիպումը կազմակերպվել է 2024թ. հունիսին Կիգալիում կայանալիք Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC) երրորդ համաժողովին ընդառաջ: Ընդհանուր առմամբ, նախարարական հանդիպմանը, որը ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից է, մասնակցում է 30-ից ավելի օտարերկրյա պատվիրակություն, որոնց թվում են դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների, տարածաշրջանի և ՀՀ հարևան երկրների ներկայացուցիչներ: