Եվրոպական միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավարը իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական խորհրդի նախագահին
18 դեկտեմբերի, 2023Դեկտեմբերի 18-ին Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։
Ողջունելով և հաջողություն մաղթելով դեսպան Բալայանին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խթանմանն ուղղված նախաձեռնությունները և վստահեցրել դրանց աջակցելու իր պատրաստակամությունը։
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Տիգրան Բալայանը նշել է, որ Հայաստանը նպատակադրված է հավելյալ ջանքեր գործադրել Եվրոպական միության և անդամ երկրների հետ փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու նպատակով։
Կարևորելով և բարձր գնահատելով Հարավային Կովկասում խաղաղության հաստաման ուղղությամբ Շառլ Միշելի անձնական ջանքերը՝ դեսպան Բալայանը շեշտել է, որ բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների կոպտագույն խախտումներն Ադրբեջանի կողմից և դրանց համար հետևանքների բացակայությունն ի վերջո հանգեցրեցին Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը։
Երկուստեք մտքեր են փոխանակվել նաև սահմանազատման գործընթացի և հաղորդակցության ուղիների և ճանապարհների ապաշրջափակման մասին, որի շրջանակներում դեսպան Բալայանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, և ընդգծել այն Եվրոպական միության «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության մեջ ներառելու կարևորությունը։
Հանդիպման ավարտին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խնդրել է իր ողջույնի խոսքերը և բարեմաղթանքները փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։