ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 7-րդ նախարարական հանդիպմանը
22 դեկտեմբերի, 2023Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել է Թեհրանում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 7-րդ նախարարական հանդիպմանը: Իրանի ԱԳ նախարարի տեղակալի նախագահությամբ անցկացված հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Բոլիվիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Իրանի, Իրաքի և Մեքսիկայի պատվիրակությունները։ Հանդիպման ավարտին անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին ողջունել և ֆորումի եզրափակիչ ելույթով է հանդես եկել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը բարձր է գնահատել հայ-իրանական դարավոր մշակութային կապերն ու երկկողմ համագործակցությունը՝ մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Ֆորումի դերը՝ որպես մշակութային երկխոսության և համագործակցության հարթակ, որի գործունեությունն ուղղված է հնագույն քաղաքակրթությունների մշակութային հարուստ ժառանգության պաշտպանությանը և հանրահռչակմանը։
Վահե Գևորգյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային հուշարձանների, եկեղեցիների և սրբատեղիների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ոչնչացման, պղծման և ինքնության խեղաթյուրման ուղղորդված քաղաքականությանը։ Նախարարի տեղակալը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության ավերումը։ Այդ տեսանկյունից ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության հրատապ իրականացման անհրաժեշտությունը։
Ֆորումի նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվել է Թեհրանի հռչակագիրը, որում ամրագրվել են հակամարտային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանությունը և այդ ուղղությամբ միջազգային համագործակցությունը կարևորող դրույթներ: