Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը Փարիզում
09 փետրվարի, 2024Փետրվարի 9-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ:
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը շնորհավորել է ֆրանսիացի գործընկերոջը Ֆրանսիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում համատեղ սերտ փոխգործակցության հեռանկարներին։
Անդրադառնալով երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին՝ գոհունակությամբ նշվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծվել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման պատրաստակամությունը։ Հայաստանի և Ֆրանսիայի նախարարներն անդրադարձել են առաջիկայում նախանշվող բարձրաստիճան միջոցառումներին։
Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Եվրոպական միության հետ ինտենսիվ խորացող երկխոսությունը, որը զարգանում է նաև նոր ուղղություններով՝ միտված ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանը։
Մանրամասն քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային սկզբունքները, մասնավորապես տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության, ինքնիշխանության անվերապահ հարգման կարևորությունը, ինչպես նաև սահմանազատման հետագա գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի ու ԽՍՀՄ ամենաթարմ ու լեգիտիմ քարտեզների հիման վրա իրականացնելու համար առավել որոշակիություն ապահովելու անհրաժեշտությունը։
ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Ֆրանսիայի առանձնահատուկ ուշադրությունն ու ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերների հաղթահարմանը, ինչպես նաև արդար ու կայուն խաղաղության հաստատմանը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերի շուրջ։