Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների հանդիպումը
14 փետրվարի, 2024Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Լյուքսեմբուրգ։ Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելիի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև առկա ամուր քաղաքական երկխոսությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների և շահերի վրա։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Լյուքսեմբուրգում դիվանագիտական ներկայության՝ ռեզիդենտ գրասենյակի հաստատումը արտացոլում է Հայաստանի հանձնառությունը խթանել Լյուքսեմբուրգի հետ գործընկերությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև փոխգործակցության հեռանկարների շուրջ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող մի շարք հարցերի և նոր հավակնոտ օրակարգի զարգացման ուղղությամբ առկա մեխանիզմներն առավելագույն օգտագործելու հնարավորություններին։ Ի թիվս այլ հարցերի, ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը:
Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերի զարգացումները՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման դեպքին, որի արդյունքում հայկական կողմն ունեցել էր չորս զոհ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է կայուն Հարավային Կովկաս ունենալու ուղղությամբ ՀՀ ջանքերը, իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը և միջազգային գործընկերների ներգրավվածությամբ դրանք զսպելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է Ադրբեջանի հետ միջազգային սահմանին տեղայակված ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարևորությունը։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագծին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է հիմնական՝ տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության սկզբունքները, որոնց հարցում երկկողմ հստակ ու աներկբա հանձնառությունը հրամայական է գործընթացում առաջընթաց ապահովելու համար։