Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարների հանդիպումը

16 փետրվարի, 2024

Փետրվարի 16-ին Մյունխենի համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։

Ի շարունակություն 2023թ. նոյեմբերին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը՝ նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Մալթայի միջև քաղաքական երկխոսության օրակարգային հարցերի, ինչպես նաև զարգացման էական ներուժ ունեցող ոլորտներով կապերի հետագա ամրապնդման հնարավորություններին։

Նախարարները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները և այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։

Արարատ Միրզոյանը և Իեն Բորջը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի և տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ընդգծել է առկա մարտահրավերի հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ մոտեցումները՝ հիմնված տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության սկզբունքների, ինքնիշխանության հարգման վրա։

Տարածաշրջանային հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերի՝ կարևորելով առկա գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ կազմակերպության մանդատին համապատասխան նպաստելու տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովմանը։

 

Տպել էջը