Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բրազիլիայի արտաքին գերատեսչությունների միջև
19 փետրվարի, 2024Փետրվարի 19-ին Բրազիլիայում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև։ Հայկական կողմը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, բրազիլականը՝ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Մարիա Լաուրա դա Ռոշան:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Ընդգծվել է Հայաստան-Բրազիլիա քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական և միջխորհրդարանական կապերի առավել զարգացման պատրաստակամությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը՝ կարևորելով երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերի, այդ համատեքստում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը:
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգին առնչվող այլ հարցերի շուրջ: