Եթովպիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
14 մարտի, 2024Մարտի 14-ին Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սահլե Վորկ-Զևդեին։
Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Սահլե Վորկ-Զևդեն շնորհավորել է դեսպան Սահակ Սարգսյանին պաշտոնը ստանձնելու առթիվ, մաղթել է հաջողություն այդ պատասխանատու առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի հայ-եթովպական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայ-եթովպական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, բարձր է գնահատվել երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցության զգալի ներուժը և այն իրացնելու հրամայականը։ Մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
Ավարտին դեսպան Սարգսյանը գրառում է կատարել պալատի պատվավոր հյուրերի գրքում: