ՀՀ ԱԳ նախարարի՝ Արգենտինա այցի մեկնարկը և այցին նվիրված միջոցառումը Բուենոս Այրեսի խորհրդարանում

25 մարտի, 2024

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Արգենտինա մեկնարկել է Բուենոս Այրեսում գեներալ Խոսե դե Սան Մարտինի հուշարձանի մոտ, ծաղկեպսակի զետեղման արարողությամբ: Արարատ Միրզոյանին դիմավորել և ուղեկցել է Արգենտինայի ԱԳ նախարարի տեղակալ Լեոպոլդո Սաուրեսը:

Գրանադերոների պատվո պահակախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Արգենտինայի պետական օրհներգերը:

Հաջորդիվ ՀՀ ԱԳ նախարարի այցին նվիրված միջոցառում է կազմակերպվել Բուենոս Այրես քաղաքի խորհրդարանում, որտեղ նախարարին ողջունել են խորհրդարանի առաջին և երկրորդ փոխնախագահներ Մատիաս Լոպեսը և Մատիաս Լամենսը:

Իրենց խոսքում փոխնախագահներն ընդգծել են Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների միջև երկարամյա բարեկամության վրա:

Միջոցառմանը մասնակցել են խորհրդարանի անդամներ, ԱԳՆ և քաղաքային իշխանությունների պաշտոնյաներ, ինչպես նաև Արգենտինայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հայ և այլ համայնքների ներկայացուցիչներ:

Միջոցառման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարին շնորհվել է «Բուենոս Այրեսի պատվավոր հյուրի» տիտղոս, ինչպես նաև կայացել է «Հայկական Բուենոս Այրես» գրքի շնորհանդեսը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հարգարժա՛ն պարոն փոխնախագահ,
խորհրդարանականներ,
դեսպաններ,
հայրենակիցներ,
հարգելի՛ ներկաներ,

Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանին՝ «Բուենոս Այրեսի պատվավոր հյուր» տիտղոս շնորհելու համար։ Ինձ համար հուզիչ է և մեծ պատիվ, և ուզում եմ իմ խորին երախտիքը հայտնել։ Ուզում եմ խոստովանել, որ Ձեր քաղաքն իր ջերմությամբ մինչ այս էլ գերել էր ինձ։ Բայց հիմա արդեն նաև որոշակի պարտականություն է սիրով վերաբերվել Բուենոս Այրեսին, բայց հաճելի պարտականություն։ Եվ ուզում եմ ձեզ վստահեցնել՝ ձեր քաղաքը մշտապես իր տեղը գտել է իմ սրտում։

Արգենտինան և Հայաստանը մշտապես ունեցել են բարեկամական հարաբերություններ։ Եվ այս հարաբերությունները հիմնված են եղել երկու ժողովուրդների միջև երկարամյա բարեկամության վրա։ Իմ երկրի համար Արգենտինան կարևորագույն գործընկեր է Հարավային Ամերիկայում: Ուզում եմ մի շատ հատկանշանական փաստ հիշատակել. ՀՀ առաջին դեսպանությունը Հարավային Ամերիկայում բացվել է հենց Բուենոս Այրեսում:

Անշուշտ, մեր հարաբերությունները 30 տարվա պատմություն չէ, որ ունեն։ Հայաստանում բոլորը քաջ հիշում են, որ Արգենտինան իր դռները բացեց հայ ժողովրդի, հայ զավակների համար, ովքեր փախչել էին Օսմանյան կայսրությունից և փրկություն էին փնտրում տարբեր վայրերում։ Արգենտինան ապաստան տվեց այդ մարդկանց և ապա տուն դարձավ նրանց համար։ Եվ մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ ի պատասխան այդ մարդիկ դարձան Արգենտինայի հասարակության, ժողովրդի կարևոր մասերից մեկը և հնարավորություն ստացան զարգանալ և նաև իրենց ներդրումով և իրենց հավատարմությամբ կարողացան որոշակիորեն փոխհատուցել այդ մեկնված ձեռքը:

Սա, իհարկե, միակ դրվագը չէ, երբ Հայաստանը և հայ ժողովուրդը զգացին Արգենտինայի սատարումը։ Ցավոք, մեր երկիրը վերջին մի քանի՝ 3-4, տարվա ընթացքում և մինչ այսօր էլ դաժան փորձությունների միջով է անցնում։ Եվ կրկին մենք բախվում ենք նրան, որ ուժի գործադրման հետևանքով հայության մի հատված՝ 100.000-ից ավելի մարդ, ստիպված եղավ իրենց պատմական հայրենիքից դուրս գալ և ապաստան գտնել ՀՀ տարածքում։ Եվ այս ընթացքում մենք կրկին աջակցության շատ բարձր ձայներ լսեցինք Արգենտինայից, այդ թվում՝ Բուենոս Այրեսի խորհրդարանից:

Ես ուզում եմ ձեզ հավատացնել, որ ձայնը, որ Դուք բարձրացրել եք ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության, շատ ուժգին կերպով լսելի է եղել Հայաստանում: Մենք կարևորում ենք ձեր դիրքորոշումը։ Մենք երախտապարտ ենք ձեր դիրքորոշման համար։ Եվ մենք ուրախ կլինենք պատմության մի օր լինել նաև Արգենտինայի կողքին, ցանկալի է, իհարկե, ուրախ և նվաճումների պահերին։ Մենք գիտենք, որ ընկերներ ունենք այստեղ, և խնդրում եմ հավատացած եղեք, որ դուք հավատարիմ ընկեր ունեք Հարավային Կովկասում։

Նաև շատ հատկանշանական է, որ այսօր մենք միասին նշում ենք «Հայկական Բուենոս Այրես» գրքի շնորհանդեսը։ Եվ սա ևս մի միջոց է արժևորելու և մեր երախտիքի խոսքը հայտնելու Բուենոս Այրեսին։

Շնորհակալ եմ բոլորիցդ այս օրը ձեր ներկայությամբ հիշարժան դարձնելու համար և շնորհակալ եմ ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած նման ջերմ ընդունելության համար։

Շնորհակալ եմ»:

Տպել էջը