ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Արգենտինայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ
25 մարտի, 2024Մարտի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովի նախագահ Ֆերնանդո Ադոլֆո Իգլեսիասի և Սենատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովի նախագահ Ֆրանսիսկո Մանուել Պաոլտրոնի հետ։
Երկուստեք ընդգծվել է, որ հայ-արգենտինական հարաբերությունները մշտապես զարգացել են փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտում: Նախարար Միրզոյանը հավելել է, որ Հայաստանն Արգենտինան դիտում է որպես Հարավային Ամերիկայում վստահելի գործընկեր և հետաքրքրված է Արգենտինայի հետ բազմաոլորտ հարաբերությունների հետագա զարգացմամբ և խորացմամբ` քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով:
Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն արժևովում է ոչ միայն Արգենտինայի հետ երկկողմ քաղաքական երկխոսությունը, այլև երկրի կառուցողական դիրքորոշումը Հայաստանին վերաբերող առանցքային հարցերի շուրջ։ Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ միջազգային դերակատարների աջակցությունը միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին կարևոր է Հարավային Կովկասում առավելապաշտական նկրտումների զսպման և կայունության ապահովման համար:
Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերը:
Արարատ Միրզոյանն Արգենտինայի խորհրդարանականներին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը: Նախարար Միրզոյանը վերահաստատել է այն դիրքորոշումը, որ տարածաշրջանում խաղաղության իրական հնարավորություն կա և այն կարող է կյանքի կոչվել Հայաստանի և Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հիմքում դրված առանցքային սկզբունքների հարգման միջոցով: Այս համատեքստում ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը զրուցակիցներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: