Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև
17 ապրիլի, 2024Ապրիլի 17-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Խորհրդակցություններն անցկացվել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի գլխավորությամբ:
Կողմերը անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակին: Ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության հետագա խորացման կարևորությունը։ Քննարկվել են պաշտպանության, տնտեսության, մշակույթի, ենթակառուցվածքների զարգացման, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման և այլ ոլորտներում առկա ներուժի լիարժեք կյանքի կոչման հնարավորություններն ու հեռանկարները։
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել միջազգային կազմակերպություններում և այլ բազմակողմ հարթակներում առկա համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերին:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների և կարիքների հասցեագրմանը, այդ առումով ՀՀ-ին ցուցաբերված աջակցությանը, ինչպես նաև հումանիտար բնույթի այլ հարցերին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն առանցքային հարցերի վերաբերյալ: Ֆրանսիացի գործընկերներին է ներկայացվել նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: