ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է հայ-հնդկական բարեկամությանն ու մշակութային կապերին նվիրված ցուցահանդեսին
30 ապրիլի, 2024Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է Հայաստանի ազգային պատկերասրահում Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպված հայ-հնդկական բազմադարյան բարեկամությանն ու երկու ժողովուրդների մշակութային կապերին նվիրված հատուկ ցուցահանդեսին, որի ընթացում ցուցադրվել են հայ նշանավոր նկարիչ Սարգիս Խաչատուրյանի արվեստի գործերը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Դավիթ Կնյազյանը, ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամներ Նարեկ Բաբայանն ու Լիլիթ Ստեփանյանը, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության ներկայացուցիչներ ու ՀՀ ԱԳՆ աշխատակիցներ։
Ի թիվս այլ գործերի՝ Սարգիս Խաչատուրյանը հայտնի է իր բացառիկ աշխատանքներով, որոնք նկարիչը ստեղծել է Հնդկաստանի Աջանտա քարանձավային տաճարների համալիրում, ինչի շնորհիվ իր արժեքավոր ներդրումն է ունեցել ապագա սերունդների համար հնդկական հնագույն արվեստի պահպանման հարցում:
Ներկայումս Սարգիս Խաչատուրյանի գործերի մեծ մասը պահպանվում է Հայաստանի ազգային պատկերասրահում՝ արտացոլելով հայ և հնդիկ ժողովուրդների միջև մշակութային ու հոգևոր բազմադարյան բարեկամական կապը: