ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Հունգարիայի փոխվարչապետի հետ
06 մայիսի, 2024Հունգարիա պաշտոնական այցի շրջանակներում մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո երկկողմ օրակարգի զարգացման հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։
Երկուստեք նշվել է, որ Արարատ Միրզոյանի՝ ԱԳ նախարարի մակարդակով պաշտոնական այցը տեղի է ունենում տասնհինգ տարվա ընդմիջումից հետո՝ հույս հայտնելով, որ վերջին շրջանի դինամիկան և բարձրաստիճան փոխայցելությունները թույլ կտան նոր խթան հաղորդել հարաբերությունների և բազմաոլորտ օրակարգի զարգացմանը: «Առկա է դեռ չիրացված մեծ ներուժ թե’ քաղաքական երկխոսության, թե’ հատկապես տնտեսական կապերի առումով, և առկա է պատրաստակամություն քայլեր ձեռնարկել շարունակական արդյունքներ գրանցելու համար»,- հավելել է Արարատ Միրզոյանը։
Հանգամանալից քննարկվել են տարբեր ոլորտներում երկու երկրների համապատասխան կառույցների փոխգործակցության հեռանկարները։ Հատուկ ուշադրություն է հատկացվել կրթության, մարդկանց միջև շփումների, մշակութային զբոսաշրջության զարգացման հեռանկարներին, որոնց էականորեն կարող է նպաստել Երևան-Բուդապեշտ ուղիղ չվերթների մեկնարկը։ Վկայակոչելով Բուդապեշտում Պետեր Պազմանի Կաթոլիկ Համալսարանում հայկական ուսումնասիրությունների բաժանմունքի գոյությունը, ինչպես նաև երկու երկրների միջև 2023-24թթ կնքված փոխըմբռնման հուշագրերը՝ նախարար Միրզոյանը կարևորել է փորձի, ուսանողների փոխանակման, կրթաթոշակային ծրագրերի կյանքի կոչումը։
Անդրադարձ է կատարվել նաև պատմամշակութային արժեքների պաշտպանությանը Հունգարիայի կողմից ցուցաբերվող հատուկ ուշադրությանն ու այս ուղղությամբ իրականացվող քայլերին։
ՀՀ արտագին գործերի նախարարը և հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության հարցերի շուրջ՝ հաշվի առնելով տարվա երկրորդ կեսին ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահությունը։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի կյանքի կոչել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգում նախանշվող բոլոր ծրագրերը։
Անդրադառնալով Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում զարգացումները՝ ընդգծելով տարածքային ամբողջականության ու սահմանների ճանաչման, դրանց անքակտելիության առանցքային սկզբունքները։
Տարածաշրջանային տնտեսական փոխկապակցվածության զարգացման համատեքստում նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և դրա ընձեռած հնարավորությունները: