Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարությունների միջև
09 մայիսի, 2024Մայիսի 9-ին Սարաևոյում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայաստանի պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Բոսնիա և Հերցեգովինայինը՝ ԱԳ նախարարի տեղակալ Յոսիպ Բրկիչը։
Կողմերը կարևորել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունների անցկացումը։ Անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության և իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը։
Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում և Արևմտյան Բալկաններում տարածաշրջանային ընթացիկ հարցերը։ Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Այցի շրջանակներում նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել նաև Բոսնիա և Հերցեգովինայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նեբոյշա Ռադմանովիչի, ինչպես նաև մի շարք խորհրդարանականների հետ։