Վիետնամում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահի պաշտոնակատարին
16 մայիսի, 2024Մայիսի 15-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սուրեն Բաղդասարյանը իր հավատարմագրերն է հանձնել ՎՍՀ նախագահի պաշտոնակատար, փոխնախագահ տիկին Վո Թի Ան Սուանին:
Արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի ապահովման, տնտեսական համագործակցության աշխուժացման, կրթության և գիտության ոլորտներում փոխգործակցության կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության հիման վրա համագործակցության հարցին։
Հանդիպման ավարտին նախագահի պաշտոնակատար Վո Թի Ան Սուանը դեսպան Բաղդասարյանին հաջողություններ է մաղթել իր պաշտոնավարման ընթացքում և ընդգծել Վիետնամի կառավարության աջակցության պատրաստակամությունը։