ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ
17 մայիսի, 2024Մայիսի 17-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։
Հանդիպմանն ընդգծվել է մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության բարեփոխումների իրականացման ընթացքին։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած դժվարություններին, աշխարհաքաղաքական զարգացումների՝ Հարավային Կովկասում ազդեցությանը՝ ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ բարեփոխումների օրակարգին՝ օգտագործելով նաև միջազգային մեխանիզմների միջոցով ընձեռվող հնարավորությունները։ Վերջիններիս համատեքստում անդրադարձ է կատարվել ԵԽ կոնվենցիաներին ՀՀ միանալու և կիրառման պրակտիկային, առաջիկա անելիքներին. ԵԽ հանձնակատարը ողջունել է նախօրեին ՀՀ ԱԳ նախարարի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրումը։
«ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում առաջադեմ միջազգային կոնվենցիաներին միանալու, դրան զուգահեռ կամ անկախ միանալուց ՀՀ օրենսդրական դաշտի բարելավման, Եվրոպայի խորհրդի չափանիշներին մոտարկման ուղղությամբ. սա մեր կառավարության բարեփոխումների օրակարգի կարևոր բաղադրիչներից է։», - ընդգծել է Արարատ Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին ներկայացրել է ՀՀ կառավարության ջանքերն Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին։