Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների հանդիպումը
20 մայիսի, 2024Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ: Հանդիպումը կայացել է նախարար Միրզոյանի՝ Վիեննա աշխատանքային այցի շրջանակներում:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Չեխիայի միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակի։
Երկկողմ համագործակցության համատեքստում գոհունակությամբ ընդգծվել է ակտիվ քաղաքական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։
Անդրադառնալով ԵՄ հարթակում համագործակցությանը՝ երկուստեք կարևորվել է գործընկերության խորացումը թե’ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, թե’ անվտանգային հարցերում, մասնավորապես ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեության համատեքստում։ «Մենք իրապես էականորեն խորացնում ենք հարաբերությունները ԵՄ հետ, և դա վերաբերելի է բոլոր ուղղություններին։ Անդամ պետությունների ամուր աջակցությունը մեր օրակարգի՝ առկա գործիքակազմի կիրառման միջոցով առաջ մղմանը խիստ կարևոր է, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում»,- շեշտել է ՀՀ ԱԳ նախարարը։
Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային թեմաների շուրջ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես սահմանազատման գործընթացի համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հստակ հավատարմության առանցքային նշանակությունը, ինչն իրենց հերթին ընդգծել են մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ Եվրոպական միությունը։
Վկայակոչելով կայուն խաղաղության հաստատման պարագայում տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ նախարար Միրզոյանը շեշտել է՝ հայկական կողմը հանձնառու է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչմանը, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ հիմնվելով ինքնիշխանության, ազգային իրավազորության հարգման, հավասարության ու փոխադարձության սկզբունքների վրա։