ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումները Իսպանիայի Թագավորության Պատգամավորների Կոնգրեսում և «Էլկանո» թագավորական ինստիտուտում
21 մայիսի, 2024Մայիսի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Իսպանիայի Թագավորության Պատգամավորների Կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլ Սոսիասի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իսպանիայի խորհրդարանների միջև համագործակցությանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Գոհունակությամբ նշվել է երկու երկրների գործադիր և օրենսդիր մարմինների պատրաստակամությունը ընդլայնել երկկողմ հարաբերությունների օրակարգը:
Նախարարի տեղակալը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, այդ թվում՝ համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-ԵՄ համագործակցության շուրջ:
Նույն օրը Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հյուրընկալվել է միջազգային հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների ոլորտում առաջատար «Էլկանո թագավորական ինստիտուտ» ուղեղային կենտրոնում:
Պարույր Հովհաննիսյանը որպես բանախոս մասնակցել է «Խաղաղության խաչմերուկ. փնտրելով հարատև խաղաղություն Հարավային Կովկասում» խորագրով քննարկմանը:
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը: Տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում Պարույր Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և Հարավային Կովկասում խաղաղության կարևոր երաշխիք։