ՀՀ ԱԳ նախարարի պատասխանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ
22 մայիսի, 2024Հարց (Մերի Գալստյան). Շնորհակալություն, մեծարգո’ վարչապետ, կառավարության հարգարժան անդամներ, հարցս վերաբերում է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին: Եվրոպական խորհրդարանում Հայաստանի Հանրապետության վարչապետի պատմական ելույթը նշանավորվեց արտահայտությամբ, որ Հայաստանը պատրաստ է մոտ լինել Եվրոպական միությանն այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի: Հայաստանի Հանրապետության՝ ԵՄ-ին մոտ լինելու՝ ներկայիս այս պահին մեզ հասանելի ճանապարհը, ի թիվս այլոց, Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է՝ ՀԸԳՀ-ն, ԵՄ-ի հետ մեր իրավապայմանագրային հիմքն է: Կարևոր է նաև նշել, որ Հայաստան-ԵՄ փոխհարաբերություններն առնվազն քաղաքական և անվտանգային հարթությունում ավելի առաջ են գնացել, քան ՀԸԳՀ-ն: Այդուհանդերձ, ՀԸԳՀ-ի պատշաճ ու արդյունավետ գործարկումից է կախված գետնի վրա ԵՄ ինտեգրացիայի և մոտարկման ողջ գործընթացը, դրա մասին են վկայում նաև ԵՄ գործընկերների հետ մեր հանդիպումներին այդ փաստի առանձնակի շեշտադրումը: Կան խոսակցություններ, որ այս պահին ՀԸԳՀ-ի «ճանապարհային քարտեզում» տեղ գտած գործողությունները վերանայվում են, ինչը ողջունելի է, քանի որ դրանք մշակվել են, գրվել են բոլորովին այլ պայմաններում և իրականությունում, քան Հայաստանն է, և առաջնահերթությունները փոխվել են: Կխնդրեի մեզ՝ պատգամավորներիս, և հանրությանը, ներկայացնեիք՝ որ ուղղություններում են նախատեսվում վերանայումներ, եթե նման փոփոխություններ նախատեսվում են, և առհասարակ, ՀԸԳՀ-ի կիրարկման ընթացքի վերաբերյալ, ընդհանուր ի՞նչ փուլում են գտնվում: Շնորհակալ եմ:
Պատասխան. Բարև ձեզ։ Իսկապես, սա, տիկի’ն Գալստյան, հրապարակային տեղեկատվությունից ևս ակնհայտ է, որ Հայաստանը և Եվրոպական միությունն այս օրերին, վերջին շրջանում վերանայում են հարաբերությունները և այդ հարաբերություններն ընդգրկող օրակարգը, դրական իմաստով վերանայում են: Մենք ունենք հիմնարար փաստաթուղթ, ինչպես դուք նշեցիք, ՀԸԳՀ-ն, և ՀԸԳՀ-ն կոնկրետ որոշակի գործողություններ կամ ուղղություններ արդեն իսկ կանխորոշում է։
Բայց երբ ես ասում եմ, վերանայում է տեղի ունենում, նկատի ունեմ հետևյալը. այժմ քննարկվում են հարցեր և տեղի կունենան գործընթացներ, որոնք ավելին են, քան կանխորոշում է կամ նախատեսում է ՀԸԳՀ-ն. այդպիսի մի շարք գործիքներ կան։ Հիմա նայեք, օրինակ՝ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը, որը, եթե մենք ունենանք Եվրոպական միության հետ, նախատեսված է ՀԸԳՀ-ով, կամ մեկ այլ գործիք, որի մասին շարունակաբար մամուլում տեղեկություններ են պտտվում, որոնք նախատեսված չեն ՀԸԳՀ-ում։ Եվ հիմա համահունչ նրան, ինչ հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետը Եվրոպական խորհրդարանում, համահունչ նրան, ինչ հայտարարվեց ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում և հանդիպման արդյունքներով՝ առնվազն Հայաստան-ԵՄ կտորով, այս հայտարարություններին դիրքորոշումներին համահունչ, մենք Եվրոպական միության հետ քննարկում ենք, ՀԸԳՀ-ն և ՀԸԳՀ-ից անդին նոր գործիքներ, մենք ունենք երկուստեք քաղաքական կամք խորացնելու մեր հարաբերությունները։
Դուք կոնկրետ ոլորտներ եք ասում, իսկ ես կարող եմ ասել, որ այդ ոլորտները բազմապիսին են, և արտացոլված են նույն ապրիլի 5-ի հանդիպման մամլո հաղորդագրության մեջ՝ ավիացիայից մինչև տնտեսական դիվերսիֆիկացիա, մինչև շուկաների մոտարկում, մինչև որակների ստանդարտների բարձրացում և այլն և այլն. քաղաքական, տնտեսական: Այսքանը:
Արձագանք. Շնորհակալություն: Ես ճի՞շտ հասկացա, որ ՀԸԳՀ-ում ներառված ոլորտները՝ ճանապարհային քարտեզի ոլորտները, հնարավոր է ընդլայնվեն, նաև ժամկետների առումով. ՀԸԳՀ-ի ժամկետները 2026-ին է, մենք վերանայված «ճանապարհային քարտեզի» կիրարկումը կհասցնե՞նք այդ ժամկետում:
Պատասխան. Տեսե’ք, զուտ տեխնիկապես, մենք նոր պայմանագիր չունենք և չենք կնքում, և հետևաբար պայմանագրից բխող գործողություններն էլ չեն փոխվի, բայց նաև պայմանգիրը չի սահմանափակում մեզ ունենալ այլ, հավելյալ համատեղ գործողություններ, համատեղ ծրագրեր: Այսինքն, մենք կշարունակենք ՀԸԳՀ ամբողջական կիրարկման ուղղությամբ, և զուգահեռաբար ներմուծում ենք մեր երկկողմ հարաբերությունների օրակարգ այլ տարրեր, ոչ պակաս կարևոր: Շնորհակալ եմ: