Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունների միջև
22 մայիսի, 2024Մայիսի 22-ին Մադրիդում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Իսպանիայի Թագավորության ԱԳ, Եվրամիության և համագործակցության նախարարության արտաքին և գլոբալ հարաբերությունների Պետական քարտուղար Դիեգո Մարտինեզ Բելիոյի գլխավորությամբ կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իսպանիայի արտաքին գերատեսչությունների միջև:
Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ` ընդգծելով տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա ներուժը: Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում երկու երկրների փոխգործակցությանը: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն առնչվող հարցեր:
Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն իսպանացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումները: Նախարարի տեղակալը շեշտել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և սահմանազատման գործընթացում առավելագույն հստակության ապահովման կարևորությունը։
Պարույր Հովհաննիսյանն անդրադարձ է կատարել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերին ու այդ համատեքստում ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգային հարցերի առնչությամբ երկու երկրների մոտեցումների շուրջ։ Կողմերը կարևորել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը։