ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Լուիս Բոնոյի հետ
23 մայիսի, 2024Մայիսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախագծում առանցքային հարցերի շուրջ մոտեցումներին և դրանց համաձայնեցման ուղղությամբ ջանքերին: Նախարար Միրզոյանն ընդգծել է երկու երկրների կողմից ամենաբարձր մակարդակում արտահայտված՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և սահմանազատման հանձնառությանը հավատարմության, պայմանագրում ամրագրման և հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի կարևորությունը: Այս համատեքստում ընդգծվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների վերջին հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները:
ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերի շուրջ: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է թեմայի շուրջ վերջին քննարկումներն ու ՀՀ մոտեցումները, որոնք շարունակում են համահունչ լինել հանրահռչակված՝ ինքնիշխանության ու ազգային օրենսդրության հարգման, հավասարության ու փոխադարձության սկզբունքներին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգին, այդ թվում՝ երկու երկրների միջև հաստատված ռազմավարական երկխոսության ձևաչափի շրջանակներում: