ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են Լոռու մարզի աղետի գոտի
31 մայիսի, 2024Մայիսի 31-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ այցելել են ՀՀ Լոռու մարզի մի շարք բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու ավերիչ ջրհեղեղի հետևանքով ստեղծված իրավիճակին:
Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ծանոթացել են աղետից տուժած տարածքներում վնասի ծավալներին և ներկայումս ընթացող աշխատանքներին` ուղղված աղետի հետևանքների վերացմանը:
Արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի ղեկավար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին տեղում ներկայացրեցին նախնական տվյալներ աղետի գոտում՝ ինչպես վնասված, այնպես էլ ոչնչված ենթակառուցվածքների, բնակելի շենքերի և տների վերաբերյալ: Տեղի է ունեցել նաև ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի, ինչպես նաև աղետի հետևանքների հաղթահարմանն ուղղված կարիքների վերաբերյալ քննարկում: