ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
07 հունիսի, 2024Հունիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ճան Մինի հետ: Կայացել է ԱԳ նախարարի և ՇՀԿ ԳՔ առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ սա կազմակերպության գլխավոր քարտուղարի մակարդակով առաջին այցն է Հայաստան՝ հույս հայտնելով, որ այցի ընթացքում քննարկումները կնպաստեն ՇՀԿ հետ Հայաստանի փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը:
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն մեծապես կարևորում է ՇՀԿ գործունեության հիմքում ընկած՝ պետությունների ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և պետական սահմանների անձեռնմխելիության, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները: «Խաղաղություն, անվտանգություն և տնտեսական զարգացում. սա այն է, ինչ Հայաստանն աշխատում է կյանքի կոչել մեր տարածաշրջանում, և պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ մեզ համար հիմնաքարային սկզբունքները և խաղաղության տեսլականը համընկնում են ՇՀԿ առանցքային մոտեցման հետ»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացման հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը կարևոր է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն իր նպատակներով և ընձեռող հնարավորություններով ՇՀԿ շրջանակներում առկա առևտրատնտեսական համագործակցության և տրանսպորտային փոխկապակցվածության օրակարգի կարևոր բաղադրիչ կարող է լինել:
Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային միջավայրին՝ ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ տեսլականն ու գործադրվող ջանքերը: